ՀՀ ԶՈւ–ն պատրաստ է կատարել իր առջև դրված խնդիրները. Դալիբալթայան
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական բանակն ամբողջովին կայացած կառույց է և պատրաստ է կատարել իր առջև դրված խնդիրները, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ–գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը։
Մայիսի 9–ը եռակի տոն է։ Այդ օրը նշվում է Հայրենական պատերազմում տարած հաղթանակը, 1992թ.–ին Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը։
«Բանակը կայացել է և այսօր պատրաստ է կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները։ Իհարկե կան խնդիրներ, որտե՞ղ չկան դրանք, սակայն այդ ամենը հաղթահարելի է։ ՀՀ Զինված ուժերը հիմնականում պատրաստ են կատարել իրենց խնդիրը` պաշտպանել հայրենիքը», – նշեց գեներալ–գնդապետը։
Գուրգեն Դալիբալթայանը խորհրդային, հայ ռազմական գործիչ է, գեներալ–գնդապետ։ Կանգնած է եղել հայկական բանակի կազմավորման ակունքներում։ 1991–1993 թթ.–ին եղել է ՀՀ ԶՈւ ԳՇ–ի պետը, զբաղեցրել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

