Թուրքիայի խորհրդարանը զինվորական ծառայությունից գումարով ազատվելու որոշում է ընդունել

10.12.2014, 18:54
Թուրքիայի խորհրդարանը չորեքշաբթի ընդունել է մի օրենք, որը թույլ է տալիս զինվորական ծառայությունից ազատվել պետական տուրք վճարելու դիմաց, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թուրքիայի խորհրդարանը զինվորական ծառայությունից գումարով ազատվելու որոշում է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի խորհրդարանը չորեքշաբթի ընդունել է մի օրենք, որը թույլ է տալիս զինվորական ծառայությունից ազատվել պետական տուրք վճարելու դիմաց, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նոր օրենքը վերաբերում է 27 տարին բոլորած և բանակում ծառայելու ցանկություն չունեցող բոլոր տղամարդկանց։ Նրանք այդ իրավունքը կստանան 18 հազար թուրքական լիրա վճարելու դիմաց (շուրջ 8.5 հազար դոլար)։

«Մենք հիմա մարդկային ռեսուրսների խիստ պահանջ չունենք, սակայն բանակը տեխնիկապես զինելու կարիք կա։ Ծառայությունից ազատվելու դիմաց հավաքագրված գումարը մենք կուղղենք պաշտպանական արդյունաբերության ֆինանսավորմանը, ինչը կօգնի բանակի տեխնիկական վերազինմանը»,– հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը` ելույթ ունենալով խորհրդարանում։

Նա խորհրդարանականներին խնդրել է չնվազեցնել պետական տուրքի չափն ու տղամարդկանց նվազագույն տարիքը։ Նա նշել է, որ առաջիկայում պայմանագրային ծառայությանն անցում կատարելու կողմնակից չէ, և նշել է, որ «կատարյալ է համարում զինծառայություն անցնելու խառը սկզբունքը»։ Նրա խոսքով` Թուրքիայում ԶՈՒ–ում պայմանագրով ծառայում են 72 հազար զինվորներ և եֆրեյտորներ։-0-