ՀՀ վարչապետը ծանոթացել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

11.08.2014, 14:25
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ԼՂՀ կատարած այցի շրջանակում շաբաթ օրը ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է պաշտպանության բանակի մարտական հենակետեր, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ վարչապետը ծանոթացել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ԼՂՀ կատարած այցի շրջանակում շաբաթ օրը ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է պաշտպանության բանակի մարտական հենակետեր, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Առաջնագծում ՀՀ գործադիր մարմնի ղեկավարն ու նրան ուղեկցող անձինք հանդիպել են դիրքապահ զինծառայողների հետ, հետաքրքրվել սահմանին տիրող իրադրությամբ և ծանոթացել մարտական հերթապահություն տանող անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին», - նշվում է հաղորդագրության մեջ:

Հուլիսի վերջին – օգոստոսի սկզբին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի վեց զինծառայողներ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-