ԼՂՀ-ի տարածքում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ քրեական գործ է հարուցվել

15.07.2014, 19:13
ԼՂՀ-ի տարածքում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը, հաղորդում է ԼՂՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
ԼՂՀ-ի տարածքում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ-ի տարածքում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը, հաղորդում է ԼՂՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Ղարաբաղի պաշտպանության բանակը հուլիսի 10-ին հայտարարություն էր տարածել այն մասին, որ ադրբեջանական կողմը Քարվաճառի ուղղությամբ հետախուզական-դիվերսիոն գործողությունների հերթական փորձն է ձեռնարկել: Հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ` Քարվաճառում ավարտվել է ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի վնասազերծմանն ուղղված ԼՂՀ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման օպերացիան, որի արդյունքում խմբի բոլոր անդամները ձերբակալվել են կամ ոչնչացվել Ղարաբաղի ուժերի կողմից:

Հարուցված քրեական գործով ԼՂՀ գլխավոր դատախազության կողմից ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:

Տեղեկատվության մեջ նաև որոշ մանրամասներ են ներկայացվում: Մասնավորապես, ԼՂՀ Գլխավոր դատախազության տվյալներով՝ ձերբակալված Ջալալ օղլի Գուլիևը (ծնվ. 1968թ.) զինված է եղել գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի «КМС» տեսակի «TD 2042» համարի ինքնաձիգով, համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ տրամաչափի «ПМ» տեսակի «ВА 0033» համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ, երկու «Ф-1» տեսակի գործարանային արտադրության ձեռքի բեկորային մարտական նռնակներով և այլ ռազմամթերքով։

Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960թ.) զինված  է եղել գործարանային արտադրության 7.62 մմ. տրամաչափի «АКМС» տեսակի «TF 7373» համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 մմ. տրամաչափի «ПМ» տեսակի «СН 3478» համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ և այլ ռազմամթերքով:

Երրորդ անձը, որի տվյալները ճշտվում են, ձերբակալման պահին ցուցաբերել է դիմադրություն, որի արդյունքում նա ոչնչացվել է:

«Նրանց մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար: Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ», - հաղորդում է ԼՂՀ Գլխավոր դատախազությունը:-0-