Հայաստանն ԱՄՆ Կառավարությունից աղետների արձագանքման` մոտ $520 հազար արժողության փաթեթ է ստացել
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Կառավարության կողմից Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանն է փոխանցվել բնական և մարդածին աղետներին արձագանքելու համար նախատեսված` մոտ $520 հազար արժողության Աղետի փաթեթը, հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։
Փոխանցումը իրականացվեց Քաունթերփարթ Ինթերնեշնլ Ինկ.-ի կողմից, և միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանում արտակարգ իրավիճակների նախարարությունում: Հայաստանում ԱՄՆ Դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, Եվրոպայում և Եվրասիայում Հումանիտար ծրագրերի գրասենյակի տնօրեն Ջերալդ Օբերնդորֆերը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մասնակցեցին միջոցառմանը:
Աղետի փաթեթը իր մեջ ներառում է քնապարկեր, անկողնային պարագաներ, կոշկեղեն, բժշկական պարագաներ, սարքավորումներ, հանդերձանք և դաշտային պարագաներ, մոտ 520 հազ. ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:
Քաունթերփարթի Համայնքային և Մարդասիրական օգնության ծրագիրը (ՀՄՕԾ) ֆինանսավորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից 2001 թ-ից ի վեր: ՀՄՕԾ-ը հումանիտար օգնության բաշխման արագ արձագանքման ծրագիր է, որը օգնում է հասարակության խոցելի խմբերին: Ծրագրի շրջանակներում, Քաունթերփարթը խոցելի խմբերին է տրամադրում հագուստեղեն, կոշկեղեն, բժշկական պարագաներ, սարքավորումներ և կահույք, ինչպես նաև հիգիենիկ և դպրոցական պարագաներ և այլն:
2001 թվականից մինչ օրս Քաունթերփարթի Համայնքային և մարդասիրական օգնության ծրագիրը ներկրել է ավելի քան 30 մլն. դոլար արժողությամբ հումանիտար օգնություն բեռներ, որոնք էլ 500 գործընկեր կազմակերպությունների միջոցով բաշխվել են մոտ 2 միլիոն կարիքավոր բնակչությանը: --0--

