Ռազմական սպառնալիքի բացակայության դեպքում Հայաստանը կանցնի 100 տոկոսանոց պրոֆեսիոնալ բանակի, հինգշաբթի լրագրողներին ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը:
«Մենք արդեն 100 տոկոսանոց պրոֆեսիոնալ զորամասեր ունենք: Նույնիսկ զորակոչիկների թվի կրճատման պայմաններում, բանակը հաջողությամբ համալրվում է պայմանագրային զինծառայողների հաշվին»,-հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Կարապետյանը:
Ըստ նրա, այսօր Հայաստանում պայմանագրային ծառայություն անցնելու ցանկացողների թիվը մեծ է: «Ուրախալի է: Եվ նշեմ, որ պայմանագրով ծառայելու ցանկությունը ոչ միայն կապված է սոցիալական դրդապատճառների, այսինքն աշխատավարձ ստանալու հետ, այլ նաև դա պայմանվորված է նրանով, որ մարդը հավատում է բանակին և նվիրված է իր երկրին»,- նշեց հանձնաժողովի ղեկավարը: -0-