Բանակն այսօր ՀՀ անկախության 20 տարիների ընթացքում երկրի ամենակայած կառույցն է, կարծում է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը:
Բանակի օրը Հայաստանում տոնում են հունվարի 28-ին:
«Ես կարծում եմ, որ այսօր բանակը երկրի ամենակայացած կառույցն է, բանակը կարողանում է հաջողությամբ լուծել իր առջև դրված խնդիրը՝ ապահովել հայ ժողովրդի անվտանգության երաշխիքները»,- հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Կարապետյանը:
Ըստ նրա, գոյության 20 տարիների ընթացքում հայկական բանակն ամենակարևոր և որոշիչ դերն է խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ:
«Մենք իսկապես առիթ ունենք շնորհավորելու միմյանց և մեր ժողովրդին, ողջ հայությանը Հայկական բանակի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ: Բանակի ստեղծման և դրա հզորությունն ամրապնդլելու ուղությամբ ողջ հայության ջանքերի շնորհիվ մենք հաղթանակ տարանք Արցախյան ազատագրական պայքարում»,- նշեց նա:
Կարապետյանն ընդգծեց, որ հայկական բանակը տեղում չի կանգնում և մշտապես գտնվում է կատարելագործման գործընթացում:
«Բանակի բազմաթիվ թերությունների պատճառն այն է, որ առկա ներքին հարաբերություններն օրենքով կանոնակարգված չեն, և այդ բացն այժմ վերացվում է»,- ավելացրեց նա:
Կարապետյանը նշեց նաև, որ հայկական բանակը 20 տարիների ընթացքում միջազգային ճանաչում է ձեռք բերել և մասնակցում է մի շարք խաղաղապահ առաքելությունների:
Կոսովոյում հայ զինվորականները 2004 թ.-ի փետրվարի 12-ից մասնակցում են խաղաղարար առաքելությանը հունական գումարտակի կազմում: Հայկական վաշտը տեղակայված է Կոսովոյի հարավում գտնվող Ուրոշևաց քաղաքում:
Աֆղանստանում հայկական զինվորական համակազմն իրականացնում է իր գործունեությունը գերմանական ղերավարության ներքո Կունդուզ գավառում Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության կազմում: Համակազմում ընդգրկված են հետևակային դասակ, բժիշկ-սպա և երեք շտաբային սպաներ, խաղաղապահների հերթափոխն իրականացվելու է կես տարին մեկ անգամ: -0-