Հայկական ընկերությունները պատրաստ են մասնակցել Իրաքի վերականգնմանը, ասաց Բաղդադում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանն Իրաքի Ալ Անբար նահանգի ղեկավարության հետ ունեցած հանդիպման ընթացքում:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Ալ Անբարի այցելության ժամանակ Մուրադյանը հանդիպումներ է ունեցել մարզպետ Կղասիմ Մուհամեդ Աբիդի և մարզի ներդրումների հանձնաժողովի նախագահ Ահմեդ Աբդուլ Նասիրի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Ալ Անբարի մարզի միջև հարաբերությունների զարգացման ուղիները և հնարավոր ոլորտները:
Իրաքյան կողմը ներկայացրել է մարզի վերականգնման և զարգացման հետ կապված խնդիրները, ներդրումային ծրագրերը, մասնավորապես` բնակարանային շինարարության, արդյունաբերության, գյուղատնտեսության էներգետիկայի ոլորտներում, որտեղ հնարավոր է հայկական ընկերությունների մասնակցությունը:
ՀՀ դեսպանը հավաստիացրել է, որ ներկայացված ծրագրերն ամենայն ուշադրությամբ կուսումնասիրվեն:
Ալ Անբարը, որը բնակեցված է սունիներով, տարածքով Իրաքի ամենամեծ մարզն է (բնակչությունը` 1 մլն 300 հազար մարդ) և, սահմանակցելով Սիրիայի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի հետ, ունի մեծ ռազմավարական նշանակություն:
Մարզը հարուստ է բնական պաշարներով, հատկապես` ֆոսֆատով: Ֆոսֆատի համաշխարհային պաշարների 11%-ը գտնվում է Ալ Անբարում: -0-