ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ խորհրդարանը հինգշաբթի վավերացրել է ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավապահ մարմիններին ու հատուկ ծառայություններին զինելու նպատակով հատուկ տեխնիկայի և միջոցների մատակարարման արտոնյալ պայմանների մասին համաձայնագիրը:
Համաձայնագիրը ստորագրվել է նախորդ տարվա հոկտեմբերին Դուշանբեում ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների կողմից Ռուսաստանի Դաշնության առաջարկով՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավապահ մարմիններին ու հատուկ ծառայություններին հատուկ տեխնիկայով և միջոցներով զինելու համար արտոնյալ պայմանների ստեղծման նպատակով:
«Ըստ համաձայնագրի՝ արտոնյալ պայմանները նախատեսում են հատուկ տեխնիկայի և միջոցների մատակարարում սեփական կարիքների համար իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների կողմից գնվող հատուկ տեխնիկայի և միջոցների գների հիման վրա պետությունում ձևավորված գներով», - ասել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ ըստ համաձայնագրի՝ կողմերը չեն վաճառում և չեն վերավաճառում այս համաձայնագրի շրջանակներում մատակարարվող տեխնիկան և հատուկ միջոցներն օտարերկրյա պետություններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց կամ միջազգային կազմակերպություններին առանց մատակարարող կողմի նախնական գրավոր համաձայնության:
«Միաժամանակ մատակարարող կողմն իրավունք ունի վերահսկել, որպեսզի այս համաձայնագրի շրջանակներում մատակարարվող հատուկ տեխնիկան և միջոցներն օգտագործվեն ըստ նպատակի», - նշեց Հարությունյանը:-0-