ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը և Ֆրանսիան մտադիր են մի շարք ուղղություններով խորացնել համագործակցությունն անվտանգության և պաշտպանության ոլորտներում, Ֆրանսիայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումից հետո հաղորդում է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:
«Կողմերը երկուստեք շեշտել են, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը հիմքն է տարբեր ոլորտներում փոխգործակցությանն առավել մեծ թափ հաղորդելու համար և այս համատեքստում ընդգծել են երկկողմ հանդիպումների կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաև Ֆրանսիայի Տրանսպորտի և բնապահպանության նախարար Տիերի Մարիանիի և Օդեսենի դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաև Արտերկրում ֆրանսիական կրթական հաստատությունների գործակալության գլխավոր տնօրեն Անն Մարի Դեկոտի հետ: Երկու երկրների միջև կրթության ոլորտում համագործակցության հետագա խթանմանն առնչվող հարցերի թվում քննարկվել է նաև Հայաստանում ֆրանսական լիցեյի հիմնադրմանը վերաբերող հարցեր:
Կողմերը նշել են, որ Հայաստանում եվրոպական կրթական հաստատությունների հիմնումը կարևոր նշանակություն ունի մրցունակ և միջազգային չափանիշներին համահունչ կրթական համակարգի հետագա զարգացման համար: -0-