Իրանի ուղղությամբ ռազմական ինտերվենցիայի հավանականությունը փոքր է, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված առցանց-հարցազրույցում ասաց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (TURKSAM) տնօրեն Սինան Օհանը:
«Իմ կարծիքով, դեպի Իրան զինված ինտերվենցիայի հավանականությունը ցածր է: Ոչ ոք, նույնիսկ նրանք, ովքեր մտածում են Իրանում միջամտություն կատարելու մասին, չեն կարող գնահատել դրա հետևանքները: Կարծում եմ՝ նրանք կցանկանան փոխել Իրանի ռեժիմը՝ օգտագործելով «արաբական գարնան» մեթոդները»,- ասաց Օհանը:
Ավելի վաղ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել է, որ իր երկիրն ավելի հակված է իրանական սպառնալիքի ռազմական լուծմանը, քան խնդրի դիվանագիտական լուծմանը: Պերեսի հայտարարությունն արվել է իսրայելական ԶԼՄ-ների մի շարք հրապարակումներից հետո այն մասին, որ վարչապետ Բինյամին Նեթանյահուն իբր առանցքային նախարարների մեծամասնության աջակցության հույս ունի՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական օպերացիա անցկացնելու համար:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն այդ կապակցությամբ ասել է, որ Իսրայելի կամ մեկ ուրիշի ռազմատենչ հայտարարություններն Իրանի կամ Մերձավոր Արևելքի ցանկացած այլ երկրի նկատմամբ ուժ կիրառելու պատրաստակամության վերաբերյալ չափազանց վտանգավոր հռետորություն են:
Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների համար երկու երկրներում հետաքրքրություն առաջացնող խնդիրների և հարցերի շուրջ փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների հարցազրույցները կազմակերպվում են «Հայ-ադրբեջանական երկխոսության այլընտրանքային տեղեկատվություն» նախագծի շրջանակներում: -0-