Պետական անվտանգության շահերին սպառնալիքներն ավելի կարևոր են, քան որոշ մարդկանց դժգոհությունը, ովքեր ՀՀ ՊՆ-ից տեղեկատվության մեծ ծավալ են պահանջում, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Այստեղ հասարակական շահը մեզնից պահանջում է զգույշ լինել», - ասել է նա «Առավոտ» թերթին տված հարցազրույցում:
Նշելով, որ դժվար է բանակն առանձնացնել հասարակությունից՝ նախարարն ասել է, որ բանակում գրանցված արտակարգ իրավիճակների դեպքում հասարակության դժգոհությունն ու մտահոգությունը բնական երևույթներ են:
Օհանյանն ընդգծել է, որ պաշտպանական բարեփոխումների արդյունքում բանակը վերջին տարիների ընթացքում շատ բաց է դարձել հասարակության առջև:
«Մենք փորձում ենք ավելի հասկանալի և թափանցիկ դառնալ մեր ժողովրդի համար՝ պահպանելով բանակում գործող գաղտնիության սկզբունքը», - ասել է նա:
Այս կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը պարզաբանել է, որ մի շարք քայլեր ուղղված են հասարակությունում բանակի նկատմամբ վստահության բարձրացմանը, որոնց թվում են հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ համագործակցության ծրագրերը, որոնք մտահոգված են բանակում գոյություն ունեցող խնդիրներով:
Նրա խոսքով՝ այս ծրագրերի շրջանակներում այս կառույցները մեկ տարվա ընթացքում վերահսկողություն են իրականացնում, մասնավորապես՝ վերահսկում են զորակոչման կազմակերպման հարցերը, զինակոչիկների բուժման գործընթացը, մշտական ուշադրության տակ են գտնվում զինծառայողների սննդի և կացության, ինչպես նաև բանակում մարդու իրավունքների պահպանման հարցերը:
«ՀՀ ԶՈւ-ի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմներ են գործում, որոնք աստիճանաբար կատարելագործվում են, ինչը պաշտպանական բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկն է», - ասել է նա:
Օհանյանը վստահություն է հայտնել նաև, որ ցանկացած առողջ մտածելակերպ ունեցող քաղաքացի հասկանում է, որ ԶՈւ-ի թափանցիկությունը հստակ սահմաններ ունի:
«Կարծում եմ, որ ցանկացած մարդ, ում մտահոգում է երկրի պաշտպանությունը, չէր ցանկանա, որ պաշտպանության նախարարությունն այնքան թափանցիկ լիներ, որպեսզի տեսանելի դառնա հակառակորդի համար», - ասել է նա՝ հավելելով, որ գոյություն ունեն վերլուծության տարրական մեթոդներ, որոնք համապատասխան տեղեկության միջոցով հնարավորություն են տալիս բանակի տարբեր ոլորտների մասին հավաստի եզրակացություններ անել:-0-