ՆԱՏՕ-Հայաստան Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) շրջանակում ՆԱՏՕ շաբաթվա հերթական միջոցառումներն են անցկացվում Հայաստանում հոկտեմբերի 16-21-ը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Մասնավորապես, հոկտեմբերի 18-ին հայկական հեռուստաալիքներից մեկով կանցկացվի կլոր սեղան «ՆԱՏՕ-ի գործընկերության նոր քաղաքականությունը թեմայով», ինչպես նաև մեկնարկում է ՆԱՏՕ-ի վերաբերյալ դասախոսությունների շարքի ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի մասնակցությամբ:
Բացի այդ, նույն օրը կանցկացվի Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հարցազրույցը «Ուրվագիծ» հաղորդաշարում:
Հոկտեմբերի 19-ին ԱԳՆ-ում կանցկացվեն Երևան-Պրիշտինա և Երևան-Մազարե-Շարիֆ հեռուստակամուրջներ՝ Կոսովոյում և Աֆղանստանում հայ խաղաղապահ գումարտակների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար:
«Տեղեկատվության հավաքագրման, ռիսկերի գնահատման և ռեսուրսների բաշխման» խորագրով սեմինար տեղի կունենա ՀՀ ԱԳՆ-ում հոկտեմբերի 21-ին:
Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը ներկայում կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրին (Individual Partnership Action Plan - IPAP) համապատասխան, որը ստորագրվել է 2005 թվականի դեկտեմբերին:
Հայաստանի մասնակցությունն IPAP-ին ենթադրում է ՆԱՏՕ-ի հետ տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ պարբերական խորհրդատվությունների անցկացում, այդ անվտանգության ռազմավարության, Հայաստանի ռազմական դոկտրինայի մշակում, պաշտպանական և բյուջետային ծրագրման գործընթացի կատարելագործում և այլ հարցեր:
2007 թվականի մարտից Երևանում գործում է ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը: -0