Բանակում զինվորի մահը խաղաղ պայմաններում անընդունելի է, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ մեկնաբանելով ժամկետային զինծառայողների մահվան դեպքերի հաճախակի դառնալը:
«Բանակում գոյություն ունեն խնդիրներ, զինվորի մահը հայկական բանակում խաղաղ պայմաններում անընդունելի է: Դժվար է բացատրել բանակում զոհված զինվորների հարազատին, որ նրանք ինքնասպանություն են գործել, քանի որ միշտ կասկածներ կան, որ այդտեղ դիտավորություն կա: Եթե մենք կարողանանք թափանցիկ քննություն կատարել, ապա, կարծում եմ՝ խնդիրների ընկալումը կփոխվի»,- ասաց Սահակյանը:
Ինչպես կարծում է պատգամավորը, խնդիրն այն չէ, որ մահվան դեպքերը բանակում ավելացել են, այլ այն, թե ինչպիսի գնահատական են դրանք ստանում հասարակության շրջանում:
«Եթե նայենք այդ հրապարակումների ակունքներին, պտտվող լուրերին և տեղեկության տարածման աղբյուրներին, ապա անհրաժեշտ է ավելի զգույշ վերաբերվել դրանց, քանի որ դա միայն որոշակի մութ ու անհասկանալի ուժերի խաղ է»,- ասաց Սահակյանը:
Պատգամավոր Վարդան Խաչատրյանն իր հերթին նշեց, որ բանակի գործընթացներին ցանկացած միջամտությունը պետք է կատարվի պատասխանատվության բարձր մակարդակով:
«Առանց թերությունների բանակ չկա, բայց նաև չի կարելի ողբերգություններ թույլ տալ, իսկ դրա համար անհրաժեշտ է հանրային հատվածի հետ բանակի ղեկավարության երկխոսություն հաստատել, հակառակ դեպքում կրկին երկրի անվտանգությանը սպառնացող անլուծելի խնդիրներ կծագեն»,- ասաց Խաչատրյանը: -0-