Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ռազմական շքերթին Ռուսական զորքերի ստորաբաժանումների մասնակցությունը նորմալ երևույթ է, և դատապարտելի ոչինչ չկա, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, խորհրդարանի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը:
Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողները շարային քայլով կանցնեն ռազմական շքերթի ժամանակ, որը կանցկացվի Երևանում սեպտեմբերի 21-ին` հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի պատվին:
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոչ էր արել չշահարկել շքերթին ռուս զինծառայողների մասնակցության հարցը:
«Ինչպես հայտնի է, Հայաստանում է տեղակայված ռուսական ռազմակայանը: Մենք ունենք Հայաստանի սահմանների անվտանգության պաշտպանության մասին կետերով համաձայնեցված պայմանագիր: Եվ ես դատապարտելի ոչինչ չեմ տեսնում, եթե ռուսական զորքերը մասնակցեն շքերթին»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Զոհրաբյանը:
Նա ընդգծեց, որ ռուսական ռազմակայանը Հայաստանի սահմանների անվտանգության պահպանման կարևորագույն տարրերից է:
Ռազմական շքերթին կմասնակցեն Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումներ, որոնք ընդգրկված են Արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում:
Ակնկալվում է, որ շքերթը կլինի ժամանակակից Հայաստանի պատմության մեջ խոշորագույններից մեկը, որի ժամանակ կցուցադրվեն հայկական բանակի, այդ թվում` սեփական արտադրության սպառազինման ռազմական տեխնիկայի նմուշներ: Խոսքը, մասնավորապես, հայկական «Կռունկ» անօդաչու թռչող սարքերի մասին է: -0-