Չորեքշաբթի Անկարայում Թուրքիան և ԱՄՆ-ն Թուրքիայի տարածքում ԵվրոՀՀՊ-ի ռադիոլոկացիոն համակարգի (ՌԼՀ) տեղադրման մասին հուշագիր են ստորագրել, փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Թուրքիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն և Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեն:
Ռադարը կտեղադրվի Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մալաթիա շրջանի Քյուրեջիկ գավառում: Այժմ այնտեղ ՌԼՀ է տեղադրված, որը ժամանակին տեղադրվել է ԱՄՆ-ի կողմից, սակայն հետագայում փոխանցվել է թուրքական բանակին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Մալաթիայում են գտնվում Թուրքիայի ԶՈւ երկրորդ դաշտային բանակը, ինչպես նաև ռազմաօդային ուժերի օպերատիվ-մարտավարական բազան:
Նախօրեին թուրքական մամուլը տեղեկացրել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից ստեղծվող հակահրթիռային պաշտպանության համակարգի շրջանակներում հրթիռային հարձակման սպառնալիքի վաղ նախազգուշացման ՌԼՀ-ի տեղաբաշխման կոնկրետ վայրի մասին՝ Թուրքիայի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև պայմանավորվածության ձեռքբերման մասին: Մասնավորապես տեղեկացվում է, որ արբանյակային լուսանկարների վերլուծության և Միջերկրական ծովում գտնվող ԱՄՆ ռազմանավերից Թուրքիայի արևելքի «ակնթարթային դիտման» չափորոշիչների հիման վրա ռադարի հնարավոր տեղադրման չորս տարբերակներից ընտրվել է Մալաթիա վարչական գավառի համանուն քաղաքի մոտակայքում գտնվող վայրը:
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն, ՌԼՀ-ն ղեկավարվելու է Գերմանիայում գտնվող օպերատիվ կենտրոնից: Օպերատիվ կառավարման կենտրոնի հրամանատարության կազմում ներառված է թուրքական զինվորական անձնակազմը՝ գեներալի հրամանատարության ներքո: ՌԼՀ-ից ստացված տվյալները, ինչպես նշվում է, ներկայացվելու են Թուրքիայի իշխանություններին:
Նախատեսվում է մինչև այս տարվա դեկտեմբերի կեսը փորձարկել ռադարի աշխատանքը:
Հուշագրի ստորագրումից հետո Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվության մեջ նշվում է, որ Քյուրեջիկ գավառի ռազմական օբյեկտում վաղ նախազգուշացման ռադարի տեղադրման մասին վերջնական որոշումը ընդունվել է տեղանքում իրականացված որոնողական աշխատանքների ավարտից և համապատասխան իրավական ընթացակարգերի պահպանումից հետո»: «Ժամանակին նշված օբյեկտն օգտագործվել է նմանատիպ նպատակներով», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-