ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական անօդաչու սարքը տեղական ժամանակով ժամը 07:30-ին շարքից հանվել է ԼՂՀ ՊԲ ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում, հաղորդում է ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:
«Ադրբեջանական զինուժի անօդաչու թռչող սարքը շարքից հանվել է ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում: Խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, կատարվում է քննություն», - նշել են մամուլի ծառայությունից:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտմանը զուգահեռ վերջին շրջանում նկատելի ակտիվությամբ է գործում նաև հակառակորդի օդուժը, որն իրականացնում է ինչպես մարտաուսումնական, այնպես էլ հետախուզական բնույթի թռիչքներ:
«Ըստ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, վերջին օրերի ընթացքում հակառակորդի անօդաչու ինքնաթիռները բավականին մեծ հաճախականությամբ հետախուզական թռիչքներ են կատարում սահմանային գոտու ողջ երկարությամբ, իսկ որոշ դեպքերում էլ խախտում Արցախի օդային սահմանը», - նշվում է տեղեկատվության մեջ:
«Պաշտպանության բանակի հակաօդայինների կողմից նման բնույթի թռիչքներ են հավաստանշվել վերջին տասնօրյակում և դրանց կանխարգելման նպատակով իրականացվել համարժեք քայլեր», - նշել են մամուլի ծառայությունից:-0-