ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից ստեղծվող հակահրթիռային պաշտպանության համակարգի շրջանակներում հրթիռային հարձակման սպառնալիքի մասին վաղ նախազգուշացման ռադար կտեղադրվի Թուրքիայում, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սելջուկ Ունալը:
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», դիվանագետը հիշեցրել է, որ ՀՀՊ (հակահրթիռային պաշտպանություն) համակարգի տեղադրման մասին որոշումն ընդունվել է նախորդ տարի Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, և Թուրքիան աջակցել է այս նախաձեռնության իրագործման հետ կապված աշխատանքներին:
Ռադարի տեղադրման հարցի հետ կապված տեխնիկական աշխատանքներն ու բանակցություններն ընթանում են կառավարության ցուցումով՝ շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ և վերջնական փուլ են թևակոխել, ասել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից հատկացվող վաղ նախազգուշացման ռադարը նախատեսվում է տեղադրել մեր երկրում: Այս տարրի տեղադրմամբ Թուրքիան ներդրում կկատարի ՆԱՏՕ-ի նոր ռազմավարության շրջանակներում զարգացող պաշտպանական համակարգում, կամրապնդի ՆԱՏՕ-ի և պաշտպանության ազգային համակարգի պաշտպանական ներուժը», - նշել է դիվանագետը:
Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ ԵվրոՀՀՊ-ի ընդհանուր համակարգում ինտեգրված ռադարը նախատեսվում է տեղադրել Թուրքիայի հարավ-արևելքում:
Այս տարվա հուլիսին ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարկ Թոները հայտարարել է, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի մի շարք անդամ-երկրների հետ հակահրթիռային պաշտպանության ապագա եվրոպական համակարգի ռադարի տեղադրման շուրջ: Սակայն նա չէր ներկայացրել բանակցությունների մանրամասները:
Ինչպես դեռ ապրիլին հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, ԱՄՆ-ն մինչև տարեվերջ վերջնական որոշում կընդունի ռադարի տեղադրման վայրի մասին:
Կրտսեր Բուշի նախկին հանրապետական վարչակազմի օրոք ԱՄՆ-ն մտադիր էր Լեհաստանում տեղադրալ հակահրթիռներ, իսկ Չեխիայում՝ ՀՀՊ համակարգի ռադար: Մոսկվան այս ամենը համարում էր ուղղակի սպառնալիք իր ռազմավարական ներուժին: Ներկայիս նախագահ Բարաք Օբաման, փոխելով ՀՀՊ-ի ռազմավարությունը, որոշել է հետաձգել այս ծրագրերը, սակայն վերջնականապես չի հրաժարվել դրանցից, ինչը ևս արժանացել է ՌԴ-ի բացասական արձագանքին:-0-