ՌԴ պետդուման կքննարկի Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարացման մասին արձանագրությունը
ՌԴ պետդուման ուրբաթ կքննարկի Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման 1995 թվականի երկկողմանի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
2010թ. օգոստոսի 20-ին Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն են ստորագրել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի:
Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում 1995 թ.-ից տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակներում: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորախմբի ենթակայության տակ է գտնվում: Բազան զինված է С-300 զենիթահրթիռային համալիրով և ՄիԳ-29 կործանիչներով: Բազայի անձնակազմը շուրջ 5 հազար մարդ է ներառում:
Փոփոխությունների համաձայն, պայմանագրի գործողության ժամկետն ավտոմատ կերպով կերկարացվի հաջորդ հինգ տարիներով, եթե կողմերից ոչ մեկը պայմանագրի գործողության հերթական ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր չիրազեկի մյուս կողմին փաստաթղթի գործողությունը դադարեցնելու մասին մտադրության մասին։
Քանի որ կայանը, բացի ՌԴ շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից, հայ զինծառայողների հետ ապահովում է Հայաստանի անվտանգությունը, ռուսական կողմը, փաստաթղթի համաձայն, պարտավորվում է հայկական կողմին զինել ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ, հատուկ ռազմական տեխնիկայով:
Զորամիավորումների կիրառումը ռուսական ռազմակայանի կողմից կիրականացվի կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա։-0-

