С-400 զենիթային հրթիռային համակարգը առաջին անգամ մայիսի 9-ին կմասնակցի Մոսկվայի Հաղթանակի շքերթին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Անցյալ տարի մենք առաջին անգամ շքերթի հանեցինք զենիթային հրթիռային С-300 համակարգերը, այս տարի ցույց կտանք С-400-ը»,- ասել է նախարարը «Ռոսիսկայա գազետա» թերթին տված հարցազրույցի ժամանակ, որը լույս է տեսնում հինգշաբթի։
Նրա խոսքերով, շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինծառայող։ «Այս տարի շարքերը կկազմվեն ինչպես խորհդային ժամանակներում՝ 10-ը 20-ի վրա (10-ը տողան, յուրաքանչյուրում՝ 20 մարդ)»,- ասել է Սերդյուկովը։
Միևնույն ժամանակ զանգվածայնությունը բարդացրել է երթաքայլը, հատկապես՝ երաժիշտների։ «Արդյունքում այնպես է ստացվել, որ նվագախմբին, որը սովորաբար մասնակցել է, կարող էր լսել միայն կենտրոնական տրիբունան։ Որպեսզի երաժշտությունը բոլորի համար լսելի լինի, որոշվեց այն գրեթե երկու անգամ ավելացնել՝ հասցնելով մինչև 1000 մարդու։ Բնականաբար, սեփական ուժերը չբավարարեցին։ Ներառեցինք այլ գերատեսչությունների՝ ԱԻՆ, ՆԳՆ Ներքին զորքերի, ԱԴԾ սահմանային զորքերի նվագախմբերին»,- ասել է նախարարը։
Նա հայտնել է նաև, որ այս տարի երկրի հիմնը Կարմիր հրապարակում կհնչի ոչ թե նախկինի պես երգչախմբային, այլ գործիքային կատարմամբ։ «Բանն այն է, որ հրապարակում հատուկ հնչականություն է, և հիմնը այնպես չի հնչում, ինչպես որ կուզենայինք։ Տեքստի կեսն «ուտում է արձագանքը»»,- պարզաբանեց Սերդյուկովը։
Նա մեկնաբանեց նաև սուվորովցիների և նախիմովցիների այս տարվա Հաղթանակի շքերթին չմասնակցելու պատճառը։ «Բանն այն է, որ պատրաստությունները անդրադառնում են ուսումնական գործընթացի վրա, չէ՞ որ տղաներին ստիպված ենք լինում երեք ամիս դասերից ետ գցել»,- ասել է նախարարը։ -0-