Ռուսաստանի և Հայաստանի հատուկ ծառայությունները կքննարկեն Կովկասում ծայրահեղականության դեմ պայքարին առնչվող հարցերը

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) և Հայաստանի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պատվիրակությունները կքննարկեն Կովկասում ծայրահեղականության դեմ պայքարին առնչվող հարցերը, հաղորդում է ԱԴԾ Հասարակական կապերի կենտրոնը։ Երկու երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների խորհրդակցությունը կանցակցվի հուլիսի 21-23-ը, Նիժնի Նովգորոդում, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
«Հանդիպումների հիմնական թեմաներից մեկը կլինի միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարի բնագավառում միջգերատեսչական համագործակցության հետագա զարգացումը։ Կքննարկվեն նաև Կովկասում իրավիճակի ապակայունացմանն և Սոչիում Օլիմպիական խաղերի նախապատրաստումն ու անցկացումը խափանելուն ուղղված ծայրահեղական կազմակերպությունների փորձերի բացահայտման ու կանխարգելման հարցերը», - հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ԱԴԾ Հասարակական կապերի կենտրոնին։
Ինչպես ասվում է տեղեկատվության մեջ, ծրագրվում է քննարկել նաև Հայաստանում ռուսական հաստատությունների, ինչպես նաև տրանսպորտային օբյեկտների անվտանգության ապահովման հարցերը։
Երկու երկրների հատուկ ծառայությունների նման խորհրդակցությունները, որոնք անցկացվում են ամեն տարի, նպաստում են «Ռուսաստանի ԱԴԾ-ի և Հայաստանի ԱԱԾ-ի առջև ծառացած խնդիրների ողջ շրջանակին ուղղված երկկողմ փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը», - նշվում է ԱԴԾ Հասարակական կապերի կենտրոնի տեղեկատվության մեջ։-0-