Հայ խաղաղարարները պատվով կկատարեն իրենց առաքելությունը Կոսովոյում. Գլխավոր շտաբի ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայ խաղաղարարները պատվով կկատարեն իրենց առաքելությունը Կոսովոյում, չորեքշաբթի հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ Կոսովոյում առաքելություն կատարող հայ խաղաղարարների յոթերորդ հերթափոխի դիմավորման արարողության ժամանակ։
«Հայ զինվորը ևս մեկ անգամ ապացուցեց, որ պատվով է կատարում իր առջև դրված խնդիրները ոչ միայն իր տարածքում, այլ նաև այլ երկրներում խաղաղապահ առաքելություն իրականացնելիս»,-ասաց Օհանյանը։
Նրա խոսքերով, հայ զինծառայողներին իրենց առջև դրված բոլոր խնդիրները կատարել թույլ կտան բարձր մասնագիտական մակարդակը, գիտելիքները, ռազմական վարպետության մակարդակը, կազմակերպչական և հոգեբանական հատկությունները։
«Անհրաժեշտ է նաև մատնանշել այն փաստը, որ հայկական խաղաղապահ բրիգադը և այն զորամիավորումը, որը գործել է Կոսովոյում, վճռական քայլերով իրականացնում է բարեփոխումների այն ծրագրերը, որոնք դրված են մեր Զինված ուժերի առջև»,-ասաց Օհանյանը։
Նրա խոսքերով, Հայաստանն իր խաղաղապահ առաքելությամբ ծավալել է լայն համագործակցության դաշտ, որը բարեփոխումների ուղղություններից մեկն է և տանում է երկրի Զինված ուժերի մարտունակության ամրապանդմանը և դրանց դերի աճին։
Հայ զինծառայողները Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը մասնակցում են հունական գումարտակի կազմում 2004-ի փետրվարի 12-ից։ Ներկայումս առաքելությանը մասնակցում է խաղաղարարների ութերորդ հերթափոխը։--0--

