ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններն աջակցել են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը

06.05.2025, 14:57
«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունը միացել է «Հայաստան»  ընդդիմադիր խմբակցությանն ու աջակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը
ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններն աջակցել են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունը միացել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությանն ու աջակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։

Հիշեցնենք, որ ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանի, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի և մի խումբ այլ ընդդիմադիրների կողմից ձևավորված «Արթուն ենք» հանրային շարժման անդամներն ապրիլի 28–ին խորհրդարան մուտք են արել ԱԺ պատգամավորներին ուղղված նամակներ՝ Նիկոլ Փաշինյանին` 10 օրվա ընթացքում անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով։ Նամակներն անհատական են։

Դրան ի պատասխան՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը Facebook–յան իր էջում հրապարակել է խմբակցության հայտարարությունը։

«Ի պատասխան ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին ուղղված նամակների՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներս վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի թեկնածու։ Մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնախուի հարցը և նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց», – նշվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են «Պատիվ ունեմ» խմբակցության բոլոր վեց անդամները։

Մայիսի 2–ին «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ պատրաստ է տրամադրել իր բոլոր պատգամավորների ստորագրությունները (28 պատգամավոր) իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար։ Միաժամանակ խմբակցությունից նշել են, որ գործող վարչապետին անվստահություն հայտնելն Ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրություն։ Գործընթացի հաջողության համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն՝ ԱԺ պատգամավորների պարզ մեծամասնությունը։