Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինի․ ՀՀ–ում Իրանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինի։
«Ոչինչ չի կարելի ուժով լուծել։ Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինի», – ասաց նա լրագրողներին նախօրեին Սյունիքում՝ խոսելով այն մասին, թե ինչպես է արձագանքում Թեհրանն այդ «միջանցքը» ուժով ստեղծելու Բաքվի սպառնալիքներին։
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծի մասին
Ադրբեջանն ու Թուրքիան խրախուսում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագիծը, որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի հիմնական հատվածին՝ անցնելով Հայաստանի տարածքով Սյունիքի մարզում:
Այնտեղ նախատեսվում է կառուցել ճանապարհ և երկաթուղի։ Այս «միջանցքի» հնարավոր արտատարածքային կարգավիճակի մասին լուրերը պարբերաբար շրջանառվում են ԶԼՄ-ներում։ Սակայն Հայաստանի իշխանությունները բազմիցս մերժել են «միջանցքային տրամաբանության» շրջանակում բանակցությունների հնարավորությունը և պնդում են հարգել այն երկրի ինքնիշխանությունն ու իրավասությունը, որի տարածքով անցնելու են հաղորդակցությունները։