Այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա․ Փաշինյանն՝ Ալիևի հայտարարության մասին

12.11.2025, 12:08
Փաշինյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևի հայտարարություններն այն մասին, որ ցարական ժամանակներում Սևանա լիճ չի եղել
Այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա․ Փաշինյանն՝ Ալիևի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևի հայտարարություններն այն մասին, որ ցարական ժամանակներում Սևանա լիճ չի եղել։

Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր հետևյալը․․ «Որ երկրում ապրել են ադրբեջանցիները, աջակցել են նրանց պետականությանը։ Ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր՝ ներկայիս Հայաստան, չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը։ 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզների վրա հստակ երևում է, որ ժամանակակից Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, կա Գոյչա լիճ։ Այս քարտեզները մենք չենք պատրաստել. դրանք պատրաստել է ցարական Ռուսաստանը»։

«Երբ Ադրբեջանի նախագահի ասածը, ինձ ուղղված հարցի մեջ դնելով, սխալ եք ձևակերպում, արդեն իսկ իմ ցանկացած պատասխան սխալ է, քանի դեռ հարցի բազան չի ճշտվել: Ադրբեջանի նախագահն ասե՞լ է, որ ցարական ժամանակի քարտեզի մեջ Սևան չի եղել, ուրիշ անուն չի եղել, հիմա ես էլ ասում եմ՝ այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա: Հիմա Ադրբեջանի նախագահն ասել է, որ չգիտեմ ո՛ր թվի քարտեզում Սևան չի գրված, գրված է ուրիշ անուն: Ե՞վ: Ես էլ հարց եմ տալիս, ասում եմ՝ որ հետ ենք գնում, մինչև ո՞ր թիվը հետ գնանք», – ասաց Փաշինյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում։