Ավստրիան պատրաստ է քննարկել Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացումը. Վան Դեր Բելեն

29.03.2019, 22:22
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ավստրիայի Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ:
Ավստրիան պատրաստ է քննարկել Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացումը. Վան Դեր Բելեն
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ավստրիայի Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: Այդ մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Ավստրիայի նախագահը ջերմորեն ողջունել է վարչապետ Փաշինյանին, նշելով, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը:

Ալեքսանդր Վան Դեր Բելենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների ակտիվ գործընթացների կապակցությամբ և վստահություն հայտնել, որ մեր երկիրն առաջիկա տարիների ընթացքում կընթանա ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման ճանապարհով:

Загружается новость ... "Право"

Անդրադառնալով երկկողմ տնտեսական փոխգործակցությանը` Ավստրիայի նախագահը նշել է, որ իր երկիրը պատրաստ է քննարկել Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Ավստրիայի հետ համագործակցության խորացմամբ:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական զարգացումներին, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին: Վարչապետը վստահություն է հայտնել, որ այդ թվում միջազգային գործընկերների օժանդակությամբ ՀՀ կառավարությունը հաջողությամբ կյանքի կկոչի իրականացվող և հետագայում նախատեսվող բարեփոխումների ծրագրերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ավստրիական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, մտքեր փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:

Վարչապետ Փաշինյանն Ավստրիայի նախագահին պատմել է նաև Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման մասին: -0-