ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում երկուշաբթի սահմանվել են կուսակցությունների կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու կարգը, հաշվետվության ձևը և այն լրացնելու կարգը:
«ԿԸՀ նիստում որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Ընտրական Օրենսգրքի փոփոխություններով, որոնց համաձայն 2012 թվականի հունվարի մեկից կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեությունը կվերահսկվի ԿԸՀ-ի կողմից»,- ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը:
Նա հայտնեց, որ քաղաքական ուժերի կողմից «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջների կատարման վերահսկողություն իրականացնող լիազոր կառույց է ճանաչվել ՀՀ արդարադատության նախարարությունը, բացառությամբ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության վերահսկումը:
Մասնավորապես նշվել է, որ կուսակցությունները պարտավոր են իրենց ֆինանսական հաշվետվությունները վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացնել և դրանք զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ:
Բացի այդ, նրանք նույն ժամանակահատվածում պարտավոր են հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները:
Հովհաննիսյանը նշեց, որ հաշվետվությունը պետք է տվյալներ պարունակի հաշվետու ժամանակահատվածում կուսակցության հաշվին ստացված գումարների աղբյուրների և ծավալների, այդ գումարների ծախսման մասին, ինչպես նաև տվյալներ կուսակցության սեփականություն համարվող գույքի և դրա արժեքի մասին:
«Հաշվետվությունները պետք է ներկայացվեն Հայաստանի ԿԸՀ հաստատած ձևին համապատասխան, որը պետք է ներբեռնել ԿԸՀ կայքից: Ֆինանսական հաշվետվությունները տարեկան կներկայացվեն տպագիր ձևով, դրանց պետք է կցվի տպագիր այն ԶԼՄ-ի համարը, որում հրապարակվել է տվյալ կուսակցության ֆինանսական հաշվետվությունը»,- նշեց վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը:
Ֆինանսական հաշվետվության տվյալ ձևերը համապատասխանում են «Կուսակցությունների մասին» օրենքին, որում ամրագրված են դրույթներ կուսակցությունների կողմից կատարած նվիրատվությունների արդյունքում առաջացած դրամական միջոցների աղբյուրների կամ կուսակցությունների գույքերի աղբյուրների, հունվարի 1-ի դրությամբ դրամական միջոցների մնացորդի, ինչպես նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նվիրատվությունների, օրենքով հաստատված օրինական ճանապարհով ստացված բյուջետային ֆինանսավորման և դրամական միջոցների ծավալի մասին:
Հաշվետվության ձևում պետք է արտացոլվեն նաև ֆինանսական ծախսերի ուղղվածությունները, մասնավորապես, կուսակցությունների անշարժ և շարժական գույքի արժեքը:
Բացի այդ, ձևում առանձին աղյուսակ է հատկացված կուսակցական միջոցների մնացորդը նշելու համար, ինչը հաշվի է առնվելու հաջորդ տարի կուսակցության ֆինանսական հաշվետվության մեջ:
Ֆինանսական հաշվետվության յուրաքանչյուր էջ պետք է ստորագրված լինի կուսակցության ղեկավարի կամ լիազոր այլ անձի կողմից:
ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանն իր հերթին հայտնեց լրագրողներին, որ կուսակցությունների կողմից ֆինանսական հաշվետվությունների ներկայացման հիմնական նպատակը կուսակցությունների ֆինանսական աղբյուրների և ծախսերի լիարժեք վերլուծության և հասարակությանը ներկայացնելու ապահովումն է: -0-