ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում լրացումների փաթեթը, որն ավելի վաղ առաջացրել էր բնապահպանների դժգոհությունը:
Օրինագիծն ընդգրկվել էր 2011 թվականի վերջում խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում, սակայն բնապահպանների դժգոհության և գյուղատնտեսության ու բնության պահպանության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նկատողությունների պատճառով հետ էր կանչվել կառավարության կողմից դրա լրամշակման համար խորհրդարանական լսումներ կազմակերպելու նպատակով:
«Լրացումների նպատակը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության անցկացման մեխանիզմների հստակեցումն ու կարգավորումն է, քանի որ, գործող օրենսդրության համաձայն, գործունեության այն բոլոր տեսակները, որոնք կարող են ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա, իրականացվում են նույն ընթացակարգով և նույն ժամկետներում»,- ավելի վաղ նշել էր բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Օրինագծով առաջարկվում է փորձաքննությունները դասակարգել երեք կարգի՝ բարդ, միջին բարդության և պարզ, իսկ 180 օրվա ստանդարտ ժամկետը փոխել դրան համապատասխան 60,40 և 30 օրերով՝ սահմանված ժամկետը 50 տոկոսով երկարացնելու հնարավորությամբ:
Բացի այդ, հաստատվել է փորձաքննության անցկացման համար պահանջվող փաստաթղթերի ցուցակը, և ավելացվել է շրջակա միջավայրի վրա անդրսահմանային ազդեցության նոր չափանիշ:
Բնապահպանները դժգոհ էին օրենքների հոդվածների մեղմացմամբ, մասնավորապես, փորձաքննության անցկացման ժամկետների կրճատմամբ և վարչական պատասխանատվության դրույթների բացակայությամբ: -0-