ՀՀ նախագահը զերծ է մնացել մինչև դատարանի որոշում կայացնելն ընդդիմադիր լրագրողի կալանավորման մասին մեկնաբանություններից

06.02.2012, 11:24
ՀՀ նախագահը զերծ է մնացել մինչև դատարանի որոշում կայացնելն ընդդիմադիր լրագրողի կալանավորման մասին մեկնաբանություններից
ՀՀ նախագահը զերծ է մնացել մինչև դատարանի որոշում կայացնելն ընդդիմադիր լրագրողի կալանավորման մասին մեկնաբանություններից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը զերծ է մնացել մինչև դատարանի որոշում կայացնելն ընդդիմադիր լրագրող, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Հայկ Գևորգյանի կալանավորման հարցի շուրջ մեկնաբանություններից:

Հայկ Գևորգյանը ձերբակալվել է ուրբաթ առավոտյան՝ վրաերթ կատարելու կասկածանքով: Նրան ներկայացվել է մեղադրանք 242-րդ հոդվածի առաջին մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը): Ըստ Ոստիկանության տվյալների՝ տուժածի առողջությանը միջին ծանրության վնաս է հասցվել՝ առողջության տևական քայքայումով, մասնավորապես՝ նա ուղեղի ցնցում և ստորին վերջույթների շրջանի կոտրվածք է ստացել:

Թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ գործը սարքած է ՝ պնդելով, որ ՃՏՊ-ն ծրագրված է եղել, իսկ ավտոմեքենան վարող Գևորգյանի և տուժած համարվող տվյալ անձնավորության միջև ֆիզիկական կոնտակտ չի եղել:

Լրագրողը կարող է դատարանում բողոքարկել իր կալանավորումը մինչև փետրվարի 6-ը ներառյալ:

«Ինչ վերաբերում է կոնկրետ Հայկ Գևորգյանին, ապա ես զերծ կմնամ մինչև դատարանի որոշում կայացնելն այդ հարցի շուրջ սեփական կարծիքն արտահայտելուց, և հուսով եմ, որ դա հնարավորինս շուտ տեղի կունենա»,- շաբաթ օրը իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահը:

Ըստ նրա՝ պետական մարմինները ամենօրյա որոշակի գործառույթներ են իրականացնում, այդ թվում` իրավախախտումների դեմ պայքարը և դրանք կատարած ենթադրյալ անձանց հայտնաբերումը: Այս գործունեությունն իր մեջ կարող է օբյեկտիվորեն պարունակել անձի իրավունքների սահմանափակումներ:

«Որպեսզի այդ սահմանափակումները չլինեն չհիմնավորված, գոյություն ունեն որոշակի վերահսկողական իրավական ընթացակարգեր, որոնց շրջանակներում մեկ մարմինը, տվյալ դեպքում` դատարանը, պետք է որոշի մյուսի` ոստիկանության գործողությունների, հիմնավորվածությունը: Նման խնդիրները ցանկացած իրավական պետությունում պետք է լուծվեն հենց այս ձևաչափով»,- ասել է նախագահը:

Գևորգյանին ազատ արձակելու պահանջով է հանդես եկել խոշորագույն հայկական ընդդիմադիր ուժերից մեկը՝ Հայ Ազգային կոնգրեսը, որը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հայտարարության մեջ նշվում է, որ Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործը սարքած է, և նա զրկվել է ազատությունից բացառապես իր պրոֆեսիոնալ գործունեության համար:

Ավելի վաղ Ոստիկանությունը Youtube-ում տեսանյութ է տարածել, որտեղ բերում է կատարվածի իր տարբերակը:

Շաբաթ օրը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան հայտնել է, որ հայկական լրատվական հանրությունը պետք է հետևի գործի ընթացքին, որը կապված է լրագրողի ձերբակալության հետ, և օբյեկտիվություն պահպանի:

«Տվյալ դեպքում լրագրողների դերը շատ կարևոր է: Երբ նման գործ է ի հայտ գալիս, ԶԼՄ-ները պետք է անմիջապես արձագանքեն, որքան հնարավոր է հանգամանալից լուսաբանեն, և առավել կարևոր է՝ օբյեկտիվորեն վերլուծեն մանրամասները»,- ասել է Գերչևան:-0-