ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Իրանի պատերազմն իսկական աղետ կդառնա տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի համար, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
Միաժամանակ քաղաքական գործիչն ընդգծել է, որ ոչ Իրանը, ոչ Արևմուտքը շահագրգռված չեն պատերազմով:
«Այժմ ոչ ոք շահագրգռված չէ ռազմական գործողություններով, դա վերջին տարբերակն է: Մյուս կողմից, բոլորն օգտագործում են այդ հռետորաբանությունն իրենց նպատակների համար», - ասել է Արզումանյանը:
Նրա կարծիքով՝ երկու կողմից էլ կարվի ամեն ինչ՝ խնդրի խաղաղ լուծում գտնելու համար: Միաժամանակ նա չբացառեց Իրանի վրա նպատակային հարվածների հավանականությունը:
Արզումանյանը նաև նշել է, որ Իրանը դժվար թե նման արմատական որոշման գնա, ինչպես Օրմուզի նեղուցի փակումն է, քանի որ դա կդառնա տարածաշրջանի երկրներին ուղղված մարտահրավեր:
ԵՄ արտգործնախարարները 2012 թ.-ի հունվարի 23-ին կայացած հանդիպման ժամանակ հավանության են արժանացրել իրանական նավթի ներկրման արգելքը, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:
ԱՄՆ-ն և մի շարք արևմտյան երկրներ կասկածում են, որ Իրանը միջուկային զենք է մշակում խաղաղ ատոմի ծրագրի քողարկման ներքո: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է ՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջների բավարարմանը:-0-