ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի լեհ փորձագետ, Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի տնօրեն Մատեուշ Պիսկորսկին խոստովանել է, որ Լեհաստանը զբաղվել է «գունավոր հեղափոխությունների» արտահանմամբ:
«Ցավոք, ավելի վաղ Լեհաստանը զբաղվել է նման արտահանմամբ, որն իրականացրել է, օրինակ, դեպի Ուկրանիա: Այժմ զբաղվում է ոչ միջնորդավորված կարգով՝ թույլատրելով իր տարածքում ոչ կառավարական կազմակերպությունների (հիմնականում ամերիկյան) գործունեությունը: Ուղղակի միջամտությունը հնարավոր է միայն հարևան Բելառուսի դեպքում», - ասել է Պիսկորսկին՝ «Հարավային Կովկասի երկրների և ՆԱՏՕ-ի անվտանգությունը» նախագծի շրջանակներում առցանց հարցազրույցի ժամանակ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:
Բացի այդ, փորձագետը կարծում է, որ հիմքեր կային կարծելու, թե Արևմտյան Եվրոպայի և Բալթյան երկրներն ամերիկյան «արբանյակներ են»:
«Ցավոք, նման մոտեցման համար հիմքեր կային: Ինչ վերաբերում է Լեհաստանին, ապա ես ինքս նման տեսակետ եմ հայտնել», - ասել է Պիսկորսկին:
Նրա խոսքերով՝ շատ բան է փոխվել ԱՄՆ-ի ընտրություններից և Լեհաստանում Կաչինսկի եղբայրների հեռանալուց հետո: «Այդ երկրների (Արևելյան Եվրոպայի և Բալթյան երկրները - «Նովոստի-Արմենիա») մեծամասնությունը հիասթափված են ԱՄՆ-ի հարցում», - կարծում է փորձագետը:
Նա նաև ընդգծել է, որ այս պահին նախկին խորհրդային հանրապետությունների հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնման հնարավորություն չի տեսնում: «ՆԱՏՕ-ն ինքնության ճգնաժամ է ապրում», - ասել է նա:
Միջազգային քաղաքականության և անվտանգության հրատապ հարցերի շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի լրագրողների համար փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների հարցազրույցները կազմակերպվում են «Հարավային Կովկասի երկրների և ՆԱՏՕ-ի անվտանգությունը» նախագծի շրջանակներում:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի (Հայաստան) նախագծին աջակցում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի (Բրյուսել) հրապարակային դիվանագիտության դեպարտամենտը:-0-