ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության արդարադատության «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտը» սկսել է նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացները, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Դասընթացները սկսվել են հունվարի 28-ին՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատած ծրագրին համապատասխան:
«Դասընթացներին մասնակցում են նոտարական գործունեության ստաժավորում չանցած, նոտարի որակավորման քննության որակավորման վկայական ստացած անձինք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Եռամսյա դասընթացը բաղկացած է 120 ակադեմիական ժամից` ներառյալ պրակտիկան: Դասավանդվող առարկաների շարքում են՝ «Նոտարական էթիկա», «Նոտարական գործունեության և նոտարի իրավական դրության առանձնահատկություններ», «Նոտարիատի վերաբերյալ օրենսդրություն», «Վարչական օրենսդրություն», «Քրեական օրենսդրություն»:
Ուսուցման ավարտից հետո իրավաբանական ինստիտուտը 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին է ներկայացնելու դասընթացն ավարտած նոտարի թեկնածուների ցանկը:
Նոտարի թեկնածուներին իրավաբանական ինստիտուտի կողմից տրվելու է համապատասխան վկայագիր: -0-