Հայկական բանակում գրանցվող միջադեպերը ստվերում են նրա բոլոր ձեռքբերումները. Կոմանդոս
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական բանակում գրանցվող միջադեպերը ստվերում են նրա բոլոր ձեռքբերումները, երեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ղարաբաղյան պատերազմի հերոս, Պաշտպանական մարզատեխնիկական միության նախագահ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):
«Ճիշտ չէ արդարացնել հայկական բանակում գրանցվող միջադեպերը աշխարհի այլ երկրների բանակներում նմանատիպ միջադեպերի առկայությամբ: Հարկավոր է ավելի մեծ կարգուկանոն սահմանել մեր բանակում, դարձնել այն բաց քաղաքացիական հասարակության համար», - ասել է նա:
Հայկական հասարակությունում մշտապես քննարկվում են բանակում գրանցվող միջադեպերը, որոնք կապված են զինծառայողների մահվան հետ: Վերջին միջադեպը տեղի է ունեցել հունվարի 27-ին, երբ ԼՂՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Փայլակ Շահնազարյանը մահացել է հրազենային վնասվածքի հետևանքով: Սպանություն կատարելու կասկածանքով հունվարի 28-ին ձերբակալվել է ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը:
Տեր-Թադևոսյանը նշել է, որ ՀՀ ՊՆ-ն ինտենսիվ աշխատանք է իրականացնում Զինված ուժերում զինվորական կարգապահության բարելավման ուղղությամբ, շատ ծրագրեր իրականացվում են օտարերկրյա հրահանգիչների օգնությամբ:
«Սակայն քանի դեռ միջադեպեր են գրանցվում, անելիք դեռ կա», - ասել է ղարաբաղյան պատերազմի հերոսը:
Նա ընդգծել է, որ որպես երիտասարդ սպաների և զինվորների միջև փոխհարաբերությունների բարելավման միջոց՝ ռազմական ինստիտուտների սաները կարող են որոշակի ժամանակ ծառայել հայկական բանակի զինվորական ստորաբաժանումներում որպես զինվորներ, ինչը հնարավորություն կտա նրանց ավելի լավ հասկանալ ծառայության դժվարությունները:-0-

