Հայտնի հայ միջնադարյան բանաստեղծ-երգահան Նաղաշ Հովնաթանի ութ երգերն առաջին անգամ կհնչեն հունվարի 31-ին Երևանում, հայտնեց ՀՀ վաստակավոր արտիստ, «Սայաթ-Նովա» աշուղական երգի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը:
««Սայաթ-Նովա» մշակութային միության աշուղագիտության կենտրոնի մեր մասնագետները վերականգնել են ութ երգերը (Հովնաթանի), որոնք առաջին անգամ կհնչեն վաղը «Արամ Խաչատրյան» դահլիճում կայանալիք համերգին»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պողոսյանը:
Նա նշեց, որ կենտրոնի մասնագետներից բացի Հովնաթանի 350-ամյակին նվիրված համերգի համար նախատեսված նրա ստեղծագործությունների վերականգնման հարցում մեծ ներդրում է ունեցել նաև տաղանդավոր աշուղագետ Էլինար Շահենը:
Պողոսյանը սակայն հրաժարվեց բացահայտել աշխատանքներին վերաբերող գործընթացի մանրամասները՝ միայն նշելով, որ այն մեկ տարուց ավելի կտևի: Պողոսյանն ընդգծեց, որ Հովնաթանի ստեղծագործությունները նրա հայտնի «Երգարանի» շնորհիվ են մեզ հասել, որում ընդգրկված են 100 երգեր, սակայն ափսոսանք հայտնեց, որ այսօրվա դրությամբ Հովնաթանի ստեղծագործությունը բավական ուսումնասիրված չէ:
Այդ կապակցությամբ նա նշեց, որ միությունը մտադիր է զբաղվել հայտնի հայ միջնադարյան բանաստեղծ երգահանների ստեղծագործությունների հրատարակմամբ, մասնավորապես՝ Նաղաշ Հովնաթանի: --0--