ԵՄ երկրներ Հայաստանի քաղաքացիների մուտքի վիզաների դյուրացման շուրջ բանակցությունները կմեկնարկեն փետրվարի վերջին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրինության հետ՝ հունվարի 25-26-ը Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 8-րդ լիագումար նիստի ժամանակ:
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Եվրոպայի տնօրեն, գլխավոր բանակցող Գունար Վիգանդը:
«Բանակցությունների արդյունքում էական առաջընթաց գրանցվեց ապագա համաձայնագրի հիմնական նպատակների և սկզբունքների, ինչպես նաև քաղաքական երկխոսության, արտաքին և անվտանգության քաղաքականության և արդարադատության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ մինչ օրս բանակցվել և ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի տնտեսական, ֆինանսական և ոլորտային համագործակցությանն առնչվող 22 գլուխներ:
Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հաջորդ լիագումար հանդիպման շրջանակներում հնարավոր կլինի մեկնարկել նաև բանակցությունները` Հայաստանի և ԵՄ միջև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու վերաբերյալ ասոցացման համաձայնագրի համապատասխան բաժինների շուրջ:
Ասոցացման համաձայնագրի բանակցությունների հաջորդ լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել մարտի վերջին Երևանում:
Ասոցացման համաձայնագրի յոթերորդ փուլը տեղի ունեցավ 2011թ. հոկտեմբերի 26-ին Երևանում:--0—