ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Թբիլիսիում գտնվող հայտնի հայ գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տան մի մասի սեփականատեր Արչիլ Լեժավան պատրաստ է այն հանձնել հայկական կողմին որոշակի պայմանների դիմաց, Վրաստան կատարած այցից հետո «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Վերջին օրերին էլեկտրոնային ԶԼՄ-ներում ակտիվորեն արծարծվում է թբիլիսյան շենքի մի մասի հնարավոր վաճառքի թեման՝ թուրքական հանրակացարանի վերածելու համար: 1903-1923 թվականներին այդ շենքում ապրել է հայ գրականության դասական Հովհաննես Թումանյանը: Պոտենցիալ գնորդներից մեկը վրաց-թուրքական «GEOTURAN» ընկերությունն է, որը մոտ 70 հազար դոլար է առաջարկել: Այս տեղեկությունը մտահոգություն է առաջացրել հայկական հասարակությունում:
ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ հայկական պատվիրակություն էր հունվարի 19-ին մեկնել Թբիլիսի՝ Թումանյանի տան հնարավոր վաճառքի մանրամասները պարզելու նպատակով, պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
«Լեժավան ասել է, որ իրեն գումար հարկավոր չէ, նա խնդրել է միայն տրամադրել իրեն նմանատիպ տարածք նույն փողոցում: Իհարկե, դա պարկեշտ արարք է, սակայն մենք բոլորս հասկանում ենք, որ շենքը հիմնանորոգման կարիք ունի», - ասել է Անանյանը՝ հավելելով, որ Թբիլիսիի քաղաքապետարանը նախորդ տարի ամրացրել է շենքի տանիքը:
Անանյանը նաև հերքել է խոսակցություններն այն մասին, թե թուրք-վրացական ընկերությունը մտադիր է գնել տան մի մասը:
«Լեժավան արդեն մի քանի տարի է, ինչ հայտարարել է, որ վաճառում է 120 քառակուսի մետր տարածքը՝ յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց պահանջելով 600 դոլար: «GEOTURAN» ընկերությունը քննարկում էր գնման հնարավորությունը, սակայն դա տեղի չի ունեցել: Պետք է ասեմ, որ այդ տարածքը ծայրահեղ վթարային վիճակում է», - ասել է նա:
ՀՀ գրողների միության նախագահը նշել է, որ Լեժավային պատկանող տարածքի գնման համար կպահանջվի 70 հազար դոլար:
Նա ավելացրել է, որ այդ հարցը քննարկելու նպատակով արդեն հանդիպել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, և ամենայն հավանականությամբ չորեքշաբթի կներկայացնի իրավիճակը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում հանձնարարությամբ էլ գտնվում էր Թբիլիսիում:
Հովհաննես Թումանյանի այս տունը կառուցվել է 1854 թվականին: Գրողն ապրել է այնտեղ 1909-1923 թվականներին, իսկ նրա ընտանիքն ապրել է այնտեղ նաև նրա մահվանից հետո՝ մինչև 1950 թվականը: Թումանյանների ընտանիքը վեց սենյակ է զբաղեցրել: Հետագայում գրողի տունը վերածվել է գրադարանի, սակայն 20-րդ դարի 90-ականներին շենքի մի մասը վաճառվել է վրացի ձեռնարկատեր Լեժավային: -0-