ՆԱՏՕ-ի պատվիրակությունը Երեևանում ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

24.01.2012, 17:17
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը Երեևանում ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի համագործակցության և տարածաշրջանային անվտանգության վարչության պետ, գեներալ-մայոր Կարլոս Բրանկոյի գլխավորած պատվիրակությունը, որը հունվարի 23-24-ը աշխատանքային այցով Երևանում է, ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Այցի հիմնական նպատակն է ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացմանը միտված նոր նախաձեռնությունների քննարկումը:

 

Պատվիրակությունը ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ քննարկել է Դաշինքի և Հայաստանի միջև ռազմական համագործակցության գերակա ուղղություններին և դրանց օժանդակող ուղեցուցային փաստաթղթերին առնչվող հարցեր:

Բրանկոյի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի միջև հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ռազմական համագործակցությանը և անվտանգության աջակցության միջազգային գործողություններին հայ խաղաղապահների մասնակցությունը:

Բրանկոն ՆԱՏՕ-ի անունից Հայաստանի Հանրապետությանը հայտնել է խորին շնորհակալություն` Աֆղանստանում իրականացվող առաքելություններում ներդրում կատարելու համար:

ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համառոտ ներկայացրել է պաշտպանական բարեփոխումների ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, կատարվելիք աշխատանքները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կողմից ակնկալվող օժանդակության ոլորտները:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների շուրջ:

 

Բրանկոն այցելել է նաև ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հադես է եկել Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության մասին դասախոսությամբ:-0-