Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևը երեքշաբթի ակցիա է անցկացրել Երևանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ որպես երախտագիտություն նախօրեին Սենատի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունման համար:
Ֆրանսիայի Ազգային ժողովը 2011 թ.-ի դեկտեմբերի 22-ին ընդունեց 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծը: Օրինագիծը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար, որի ժամանակ սպանվել է շուրջ 1,5 մլն հայ:
ՀՀԿ երիտասարդ ակտիվիստներին ընդառաջ դուրս է եկել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, և հավաքվածների բարձր ծափահարությունների ներքո ՀՀԿ երիտասարդական թևի առաջնորդ Կարեն Ավագյանը ողջ հայ ժողովրդի անունից խորը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին:
Ավագյանն ընդգծել է, որ իրենց նպատակն էր անկեղծ երախտագիտություն հայտնել Ֆրանսիայի ժողովրդին, բայց շատ ցանկացողներ աշխատանքի պատճառով չեն կարողացել մասնակցել ակցիային:
«Մենք հատուկ ենք այդ ժամին կազմակերպել ակցիան, որպեսզի Ֆրանսիայի բնակիչները՝ արթնանալով և հեռուստացույցը միացնելով, տեսնեն Հայաստանի երախտագիտության խոսքը»,- ասել է նա:
Նա ավելացրել է, որ այդ ակցիան միջոցառումների ողջ փուլ է բացում, որոնք նախատեսված են Ֆրանսիային և ողջ ֆրանսիացի ժողովրդին երախտագիտություն հայտնելու շրջանակներում:
Ավելի ուշ հավաքվածներին են միացել նաև ՀՅԴ երիտասարդական թևի ակտիվիստները: Ըստ որոշ գնահատականների՝ ակցիային մասնակցել է հարյուրից ավել մարդ: -0-