ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ռազմական ուսումնական հաստատությունների վեց ուսանողներ 20-25 հազարական դրամ (51-64 դոլար) չափով Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության անվանական ամենամյսա կրթաթոշակի վկայականներ են ստացել:
Հայկական բանակի օրվան նվիրված անվանական ամենամսյա կրթաթոշակի հինգերորդ հանձման արարողությունը տեղի է ունեցել Հայաստնաի Երիտասարդական հիմնադրամի շենքում:
Կրթաթոշակը բարձր առաջադիմությամբ 18 հավակնորդ ուներ: Ինտելեկտուալ մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել վեցը՝ Նժդեհի անվան կրթաթոշակ է ստացել Ա. Խամփերյանցի անվան ՀՀ ՊՆ ռազմա-ավիացիոն ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող Ասատուր Դավթյանը, Վ. Սարգսյանի անվան կրթաթոշակի է արժանացել «Փոքր Մհեր» ռազմամարզական գիմնազիայում սովորող Հրաչ Հակոբյանը և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզաական ուսումնարանի երկրորդ կուրսի ուսանող Ռաֆայել Սահակյանը:
Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակ է ստացել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնարանի երկրորդ կուրսի ուսանող Հարություն Մարտիրոսյանը, Նավասարդյանի անվան կրթաթոշակին է արժանացել Երևանի պետական մանկավարժական համալսարանի ռազմական հոգեբանության ֆակուլտետի ուսանող Արման Աղակարյանը:
Մնացած բոլոր մասնակիցներին շնորհակալագրեր են հանձնվել:
Արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:
Այս տարի բացի ավանդական կրթաթոշակներից նաև հոբելյանական կրթաթոշակ է հանձնվել, որը նվիրված է հայկական բանակի կազմավորման 20-ամյա հոբելյանին: Այն շնորհվել է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանող Հայկ Ալեքսանին:
Ըստ Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի՝ կրթաթոշակների հանձնումը հայկական բանակի 20-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների սկիզբն է:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին շնորհավորել է բոլորին Բանակի առաջիկա օրվա առթիվ և ուրախությամբ նշել, որ բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ ռազմական, գիտելիքն իր տեղն է զբաղեցնում:
«Ես ուրախ եմ, որ մեր ռազմական ուսումնարանների և բուհերի ուսանողներն աստիճանաբար զբաղեցնում են իրենց տեղը Հայաստանի կրթական համակարգում»,- ասել է Օհանյանը՝ նշելով, որ գիտելիքը հայկական բանակի ոգու բարոյահոգեբանական հիմքն է:
Հայկական բանակի կազմավորման օր է համարվում 1992թ.-ի հունվարի 28-ը, երբ ՀՀ կառավարությունը «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում կայացրեց, և հրապարակվեց նախարարի առաջին հրամանագիրը: -0-