ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` երկուշաբթի կառավարության ղեկավարի նոր խորհրդական է նշանակվել Իգոր Զարգարյանը:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Զարգարյանը հասարակական հիմունքներով է աշխատելու:
Պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ հունվարի 19-ին ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Վարազդատ Կարապետյանը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից՝ Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնին անցնելու կապակցությամբ:
1986-1988 թթ. Իգոր Զարգարյանն աշխատել է «Էլեկտրոմաշ» գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ, ապա Հատուկ նախագծային տեխնոլոգիական բյուրոյում` որպես ինժեներ-տեխնոլոգ: 1988-1993 թթ. աշխատել է Երևանի «Մարս» արտադրական միավորումում որպես արտադրամասի պետ, 1994-1996 թթ.` «Վետերան-ինվեստ» ֆոնդի կառավարչի տեղակալ: 1997-2011թթ. Զարգարյանը զբաղեցրել է «Յունիոն» ԲԲԸ տնօրենի պաշտոնը:
2011թ.-ից նաև զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի խորհրդականի պաշտոնը: -0-