ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջազգային ուղևորափոխադրումների ծավալը 2011 թվականի արդյունքներով աճել է 7,1%-ով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ անցյալ տարվա արդյունքներով Երևան-Թբիլիսի-Երևան և Երևան-Բաթումի-Երևան գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 57,5 հազ. ուղևոր՝ 2010 թվականին տեղափոխված 53,7 հազ.ուղևորի դիմաց», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Միայն 2011 թվականի դեկտեմբերին միջազգային ուղևորափոխադրումների ծավալներն աճել են 45%-ով: Նշված ժամանակահատվածում գործող Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի ուղևոր են դարձել 2,9 հազ. մարդ՝ 2010 թվականին տեղափոխված 2 հազ. ուղևորի դիմաց:
Ընդհանուր առմամբ, 2011 թվականին ՀԿԵ ՓԲԸ ծառայություններից օգտվել է 586,5 հազ. ուղևոր:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-