ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չորեքշաբթի մեկնաբանել է իր վրացի գործընկեր Ֆրիդոն Տոդուայի հայտարարությունը՝ այն ոչ կոռեկտ անվանելով:
Չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված մեկնաբանության համաձայն` «վրացի պաշտոնյան հանդես է եկել իրականությունից հեռու, անհեթեթ հայտարարությամբ»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Ֆրիդոն Տոդուայի` նախօրեին Բաքվում արած այն հայտարարության, թե «Վրաստանն ու Ադրբեջանը կվերադարձնեն օկուպացված տարածքները, քանի որ դրանք իրենց հողերն են»:
«Ի գիտություն Տոդուայի` տեղեկացնեմ, որ Հայաստանի ոչ մի պաշտոնյա երրորդ երկրի խնդիրների առնչությամբ ոչ կոռեկտ հայտարարությամբ երբևէ հանդես չի եկել»,- նշում է Շարմազանովը:
ՀՀ ԱԺ փոխխոսնակը խորհուրդ է տվել Տոդուային ծանոթանալ իր ժողովրդի պատմական ավանդությանը` «Քարթլիս Ցխովրեբային», որտեղ հստակ նշվում է, թե ովքեր են այս տարածաշրջանի բնիկ ազգերը: «Աշխատության մեջ հիշատակված են թե հայերը, թե վրացիները, մինչդեռ ադրբեջանցիների մասին «Քարթլիս Ցխովրեբայում» խոսք անգամ չկա»,- ընդգծել է նա:
«Գուցե դասագրքային ճշմարտությունն իմանալուց հետո Տոդուան ներողություն խնդրի իր հարևան ժողովրդից»,-եզրափակել է Շարմազանովը: -0-