Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ, հայտնում է Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը:
Հաղորդագրության համաձայն, այդ նպատակով ՀՀ կառավարությունը տրամադրել է 60 մլն դրամ (ավելի քան 154,2 դոլար)։
«Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները»,- նշվում է հաղոդրագրության մեջ:
Մրցույթին հայտեր կարող են ներկայացնել սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներ, միակողմանի ծնողազուրկ ուսանողներ, երրորդ խմբի հաշմանդամ ուսանողներ, հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանողներ, ինչպես նաև տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող, հասարակական ակտիվություն ցուցաբերող, պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանողներ:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձումների խորհրդի համակարգող, Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարեն Ավագյանը, 2011 թվականին մրցույթի շնորհիվ իրենց ուսումը կարողացել են շարունակել հայկական պետբուհերի 600 ուսանողներ: -0-