ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բնակիչների շրջանում 2011 թ.-ին էականորեն զարգացել է հոգեբանական օգնության դիմելու մշակույթը, հինգշաբթի լրագրողներին ասել է Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կիրառական և զարգացող հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբան Մարիամ Մեհրաբյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանում հոգեբաններին առավել հաճախ դիմում են կանայք, ովքեր մտահոգված են ամուսինների հետ լարված փոխհարաբերությունների կապակցությամբ և ձգտում են պահպանել ընտանիքը:
Մեհրաբյանը նշեց, որ վերջերս ծնողները սկսել են ավելի հաճախ հոգեբանների մոտ բերել ագրեսիա դրսևորող իրենց երեխաներին:
Նա նաև նշել է, որ երեխաների մոտ սթրես և ագրեսիա հաճախ առաջանում է ընտանիքի անդամների միջև լարված հարաբերությունների, ծնողների կողմից ալկոհոլի և թմրանյութերի չարաշահման հետևանքով:
Երեխաների հետ աշխատանքում Մեհրաբյանն ընդգծեց այնպիսի արդյունավետ մեթոդ, ինչպիսին է՝ հեքիաթաթերապիան՝ կարևորելով ուսումնական հաստատությունների մանկավարժների և ծնողների հետ հոգեբանների աշխատանքը:
Նրա խոսքերով՝ հոգեբանի կաբինետ ամենաքիչը այցելում են սեքսուալ շեղումներ ունեցող մարդիկ, ինչպես նաև թմրանյութային և ալկոհոլային կախվածություն ունեցողները:
Մեհրաբյանը տեղեկացրեց, որ Հայաստանում հոգեբանի ծառայությունների արժեքը բավականին մատչելի է, 1-1,5 ժամ տևող խորհրդատվությունն արժե շուրջ 5 հազար դրամ (շուրջ 13 դոլար):
Նա ավելացրել է, որ այսօրվա դրությամբ հոգեբանական կենտրոններ են բացվում ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում, մասնավորապես ՝Գյումրիում և Վանաձորում:-0-