ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ԴԱՀԿ ծառայության ղեկավար գնդապետ Միհրան Պողոսյանի հրամանով տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԴԱՀԿԾ մամուլի ծառայությունից:
«Մասնավորապես, ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ալբերտ Նազարյանը փոխադրման կարգով նշանակվել է Վայոց Ձորի մարզային բաժնի պետի պաշտոնում: Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ է նշանակվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արթուր Հակոբյանը»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Պողոսյանի հրամանով՝ Երևան քաղաքի ալիմենտի բռնագանձման բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Գագիկ Գասպարյանն ազատվել է աշխատանքից, իսկ Տավուշի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ջիվան Մաճկալյանը փոխադրման կարգով նշանակվել է Երևան քաղաքի ալիմենտի բաժնի պետի տեղակալի պաշտոնում:
«Տավուշի մարզային բաժնի պետ է նշանակվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Վահագն Ֆահրադյանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագաձումների բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Ալեքսանդր Մուշեղյանը նշանակվել է նույն բաժնի պետի տեղակալի պաշտոնում:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, արդարադատության մայոր Մուշեղ Խաչատրյանն ազատվել է աշխատանքից` այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ: Միհրան Պողոսյանի մեկ այլ հրամանով իրավաբանական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության լեյտենանտ Աշոտ Տեր-Գրիգորյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական: -0-