ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ն պետք է Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկիր համարել, կարծում է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Նա հիշեցրեց, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 1975, 1984 և 1996 թվականներին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշումներ է ընդունել, իսկ 1981 թվականին Ցեղասպանությունը ճանաչվել է Միացյալ Նահանգների նախագահի կողմից:
Բացի այդ, Մանոյանի խոսքով, վերջին տասնամյակի ընթացքում ներկայացվել են բանաձևեր, որոնք կոչ են անում ԱՄՆ նախագահներին ապրիլի 24-ի իրենց ամենամյա ուղերձներում, ինչպես նաև իրենց արտաքին քաղաքականության մեջ 1915 թվականի դեպքերը որակել որպես Ցեղասպանություն:
«Այսինքն, ԱՄՆ-ն նույնպես պետք է համարել մի երկիր, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,- չորեքշաբթի ասաց Մանոյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը «Հայ-ադրբեջանական երկխոսության այլընտրանքային տեղեկատվություն» նախագծի շրջանակներում:
Նա ընդգծեց նաև, որ Եվրախորհրդարանը 1987 թվականին և ավելի ուշ մի քանի անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը:
«Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների մեծամասնությունը ԵՄ-ի անդամ է: Այնպես որ (Եվրոպայում ընդհանուր առմամբ Ցեղասպանության ճանաչման), այդ համաձայնությունը, կարծում եմ, արդեն կա»,- նշեց Մանոյանը:
1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպել և ծրագրված իրականացրել է երիտթուրքական կառավարությունը։ 1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ցեղասպանությունն իրականացվել է՝ Հայկական հարցը փակելու նպատակով։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-