ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպաններ Ջոնաթան Ջեյմս Էյվզը (Jonathan James Aves) և Քեթրին Ջեյն Լիչը (Catherine Jane Leach) երեքշաբթի հավատարմագրերի պատճեններն են հանձնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Դեսպանների մշտական նստավայրը գտնվելու է Երևանում, իսկ բրիտանական դիվանագիտական առաքելության ղեկավարի պարտականությունները նրանք կատարելու են հերթափոխով՝ չորս ամիսը մեկ:
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը հաջողություն է մաղթել դեսպաններին իրենց առաքելության մեջ՝ նշելով, որ դեսպաններն իրենց կարևոր ներդրումը կունենան երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման գործում:
Դեսպաններ Էյվզն ու Լիչն իրենց հերթին նշել են, որ պաշտոնավարման ընթացքում կանեն առավելագույնը հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդումը և խորացումը խթանելու համար:
Հանդիպման ընթացքում Հայաստանի արտգործնախարարն ու Մեծ Բրիտանիայի դեսպաններն անդրադարձան նաև Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցեր:
Ամուսնական զույգին Մեծ Բրիտանիայի համատեղ դեսպաններ նշանակելու փաստը ոչ միանշանակ արձագանք ստացավ Հայաստանում: Որոշ ԶԼՄ-ներ և քաղաքական գործիչներ կարծում են, որ նման կերպով Լոնդոնը լուրջ չի վերաբերվում Հայաստանին: Բացի Հայաստանից միակ երկիրը, որտեղ Բրիտանիայի դեսպանատունը ամուսնական զույգ է ներկայացնում, Զամբիան է:
Էյվզը 1996 թ.-ից Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի աշխատակից է, իսկ Լիչը՝ 2000 թ.-ից: Մինչ այդ նրանք աշխատել են գիտական ոլորտում և սոցիոլոգիական ուսումնասիրությունների բնագավառում, նրանք Հարավային Կովկասի մասին գիտելիքներ և փորձ ունեն:
Վերջին ժամանակներս նրանք միասին աշխատել են Տոկիոյի և Մոսկվայի բրիտանական դեսպանատներում: 2011 թ.-ին Էյվզը ներկայացրել է Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Լիբիայի, Սիրիայի և Իրանի հարցերով: Ամուսինները երեք զավակ ունեն:-0-