ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այս րոպեներին քննարկում է ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:
Օհանյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը երկուշաբթի սկսված դատավարության ժամանակ ներկայացրել է նրա փաստաբան Մկրտիչ Վասակյանը, ով, մասնավորապես նշել է, որ իր պաշտպանյալին ավելի քան չորս ամիս փակի տակ պահելու փաստն արդեն է հակասում է մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիաներին, և առաջարկել է 3 մլն դրամ (շուրջ 7800 դոլար) չափով գրավի դիմաց ազատ արձակել Օհանյանին:
«Եթե նախկինում մեղադրող կողմը դա բացատրում էր նրանով, որ Օհանյանը կարող է իր հեղինակության և կապերի շնորհիվ ազդել նախաքննության ընթացքի վրա, ապա այսօր մեղադրական եզրակացությունն արդեն կազմված և հաստատված է, և այդ պատճառը դուրս է գալիս»,- դատավարության ընթացքում ասել է Վասակյանը:
Փաստաբանը նաև խնդրել է դատարանին հաշվի առնել «Օհանյանի երեսուն տարվա անբասիր ծառայությունը», ինչպես նաև մեղադրյալի մոտ առկա շաքարային դիաբետը: Բացի այդ, դատապարտյալի ընտանիքը պետությանը փոխհատուցել է վնասը:
Մարգար Օհանյանն իր հերթին միջնորդությամբ է հանդես եկել՝ իրեն հնարավորություն տալ առանձին դատախազին և դատավորին «ինչ-որ կարևոր բան» ասել, ի պատասխան որի դատավոր Մխիթար Բարխուդարյանը պատասխանել է, որ դատավարության կանոնակարգը նման ձևաչափ չի նախատեսում:
Օհանյանը պարզաբանել է, որ ցանկանում է բացահայտել իր դեմ ներկայացրած «դավադրության» փաստը, բայց ոչ հրապարակայնորեն: Նա նաև խոստացել է մերկացնել բոլոր մեղավորներին և մամուլի ներկայացուցիչներին խնդրել է հնարավորինս լուսաբանել գործընթացը:
ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանն իր հերթին խորհուրդ է տվել Օհանյանին հետագայում զերծ մնալ մերկապարանոց հայտարարություններից՝ ավելացնելով, որ Ճանապարհային ոստիկանության նախկին պետը բավական ժամանակ է ունեցել, որպեսզի դիմի դատախազին կոնֆիդենցիալ ցուցմունքներ տալու խնդրանքով:
Նա նաև առարկել է Օհանյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը՝ նշելով, որ վերջինս մեղադրվում է ծանր հանցագործության մեջ և ճիշտ չէ նրան ազատություն տալը:
Ներկայումս դատավոր Մխիթար Բարխուդարյանը գտնվում է խորհրդակցական սենյակում և միջնորդության վերաբերյալ որոշումը կհայտնի մոտակա րոպեներին:
Մարգար Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական դիրքի չարաշահում) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) հատկանիշներով:
2011 թ.-ի օգոստոսի 30-ին ՀՀ ոստիկանապետ Մարգար Օհանյանը ձերբակալվել է Ճանապարհային ոստիկանությունում առանձնահատուկ խոշոր չափերի բենզինի յուրացման փաստերի հետ կապված հարուցված քրեական գործի շրջանակներում:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Մարգար Օհանյանի և ավելի ցածր պաշտոն զբաղեցնող պաշտոնյանների հանցավոր գործողությունների հետևանքով պետությանը 217,6 մլն դրամի (568 հազար դոլար) վնաս է հասցվել:
Օհանյանը, ով իրեն մեղավոր չի ճանաչում, նախաքննության ընթացքում արդեն վճարել է վնասի մեծ մասը՝ 198 մլն դրամը (516 հազար դոլար):-0-