Գալիք տարին հագեցած է լինելու ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության առումով, չորեքշաբթի ասել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան (Traian Hristea) Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում:
«ԵՄ-ն շահագրգռված է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ աջակցելով մեր երկրում իրականացվող բարեփոխումներին»,- մեջբերեցին Հրիսթեայի խոսքերը կառավարության մամուլի ծառայությունից:
Կառավարության ղեկավարն իր հերթին շնորհավորել է դեսպանին՝ այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Մենք շահագրգռված ենք, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերություններն արագ զարգանան: Այդ առումով 2011 թ. բեկումնային տարի էր: Մենք կարողացանք գերակատարել մեր Ազգային ծրագրի ցուցանիշները»,- նշել է վարչապետը:
Զրուցակիցներն անդրադարձել են Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին, անցագրային ռեժիմի դյուրացման խնդիրներին, ինչպես նաև մաքսային անցակետերի արդիականացման հարցին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների: -0-