Ամանորի նախաշեմին «ՀԿԵ» ՓԲԸ-ն և «Մաքուր ջուր» ընկերությունը համատեղ խմելու ջրի ապահովման ծրագիր կիրականացնեն Երևանի Հակոբ Կարապենցի անվան N6 միջնակարգ դպրոցում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Ծրագիրը կիրականացվի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) «Հանուն նորածինների առողջության» համաշխարհային ակցիայի շրջանակներում:
Այսպիսով, մաքուր ջրի սարքի յուրաքանչյուր վաճառված շշից հավաքված միջոցները կուղղվեն այդ ակցիայի իրականացմանը:
Բացի այդ, «ՀԿԵ» ՓԲԸ-ն N6 դպրոցի տարրական դասարանի աշակերտներին «Արամ Խաչատրյան» համերգասրահում և Երևանի երկաթուղային կայարանում ամանորյա ծրագրի մասնակցության տոմսեր է նվիրել: Ընկերությունը նաև 3 մետրանոց տոնածառ է տեղադրել դպրոցում:
2011թ.-ի սեպտեմբերին «ՀԿԵ» ՓԲԸ-ի աջակցությամբ N6 դպրոցում ինտերակտիվ ուսուցման դասարան է բացվել: Դասարանը զինվել է ժամանակակից համակարգիչներով, պրոյեկտորներով, թվային գրատախտակով, ինչպես նաև ուսուցման համար անհրաժեշտ թվային պարագաներով: ՀԿԵ-ն դպրոցի աշակերտներին նաև անհրաժեշտ գրականություն է նվիրել:
Այս դպրոցի աջակցությունն իրականացվում է «ՀԿԵ» ՓԲԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում:
«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ.-ի փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—